Յուրաքանչյուր նոր տարուց ժողովուրդը սպասում է նոր փոփոխություններ` կյանքի որակի բարելավման։ Ինչպիսի՞ն կլինի 2014-ը, ի՞նչ են խոստանում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հարց, որը ոչ թե գուշակության կամ մտավարժանքի թեմա է, այլ զրույցի։
«ԵԹԵ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԻՐ ՓՈՔՐԻԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ, ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ «ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԹԱՂԱՄԱՍԸ»
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ (սփյուռքի նախարար)
-2013 թիվը նախ և առաջ հոբելյանական էր նախարարության համար` լրացավ 5 տարին։ Այդ ընթացքում ապացուցվեց, որ տարիներ առաջ սկսած գործն արդարացված է, ուղղությունը ճիշտ է ընտրված։ Ամենակարևորն այն է, որ սփյուռքը համաձայնել է մեզ հետ, ակտիվ մասնակցություն է ունեցել մեր ծրագրերում։ Հակառակ դեպքում, եթե այն մեզ հետ չհամագործակցեր, ծրագրերը կարող էին տապալվել։ Հետևաբար, կարող եմ արձանագրել, որ առաջացավ Հայաստանի ու սփյուռքի միջև փոխվստահություն, ընկերական ջերմ հարաբերություններ ձևավորվեցին սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։ Սա է գլխավորը։ Պետք է նշեմ, որ անցած տարի նախարարությունը կրկնակի ծանրաբեռնվածությամբ է աշխատել` առանց հաստիքների փոփոխության, բազմահազար սիրիահայերի հոգսը նախարարությունն իր վրա վերցրեց և կարողացավ նրանց խնդիրները կարգավորել։ Համենայն դեպս, գոնե այն մասով, ինչ կապված էր պետություն-օտարերկրացի հարաբերությունների կարգավորման հետ, դրանք ամբողջությամբ լուծվեցին։
Իսկ թե ինչ աշխատանքներ չհասցրինք իրականացնել անցած տարի, դժվար է մի քանի նախադասությամբ ասել, քանի որ սփյուռքը, իր խնդիրներով, լայն հասկացություն է, և ինչ էլ անես, անելու տեղ կա։ Սա` ընդհանուր առմամբ, բայց ինձ համար ցավոտ և կարևոր հարց է մնում սիրիահայերին բնակարաններով ապահովելու խնդիրը։ Եթե նրանք տանիք ունենան, անպատճառ կհաստատվեն հայրենիքում և չեն մտածի այլ երկիր տեղափոխվելու մասին։ Վերջիններիս բնակարանների խնդրի լուծման նպատակով ես յուրաքանչյուր հայի խնդրում եմ երկու դոլար հատկացնել` ամեն ընտանիք միջին հաշվով 20 դոլար գումար կարող է տրամադրել։ Եթե նման նվիրատվություն անենք, և դա վերածվի շարժման, յուրաքանչյուր մարդ իր փոքրիկ աջակցությունն ունենա այդ գործում, կկարողանանք ամբողջապես կառուցել «Նոր Հալեպ» թաղամասը։ Կուզենայի օգտվել ձեր թերթի ընձեռած հնարավորությունից և խնդրել մեր հայրենակիցներին` ընդամենը երկու դոլարի ներդրում կատարել այս մարդասիրական ծրագրում։
-Ինչո՞ւ որոշվեց թաղամասն անվանել «Նոր Հալեպ»։ Ի՞նչ է, Հայաստանում հայկական անվանում չգտնվե՞ց։
-Սիրիահայերի որոշումն էր դա։ Մենք յուրաքանչյուր հարց նախապես քննարկում ենք նրանց հետ և ինքնուրույն որոշումներ չենք կայացնում։ Ասեմ, որ սկզբնական շրջանում մենք նրանց տարածք առաջարկեցինք Մասիսում, Աշտարակում, Էջմիածնում, սակայն վերջիններս ընտրեցին այն, ինչ ընտրեցին, և իրենք էլ որոշեցին թաղամասի անվանումը։ Գուցե և դրա մեջ զգացմունքային ինչ-որ բան կա. նրանք ապրել են Հալեպում, հիմա նորից ուզում են ապրել «Հալեպում»։
-Ցավում եմ, որ, Հայաստան գալով, նրանք նորից Հալեպ են ձգտում։
-Կարևորն այն է, որ նրանց զգալի մասը հաստատված է Հայաստանում։ Սկզբնական շրջանում եկողները կարծում էին, թե մեկ-երկու ամսից կվերադառնան, այդ պատճառով էլ իրենց զբոսաշրջիկի կարգավիճակում էին զգում։ Նրանք վստահ էին Սիրիայի իշխանության վրա, հուսալով, որ այն կհաղթի, և իրենք կրկին կվերադառնան Սիրիա։ Կարող եմ ասել, որ 2013-ի հունվարը սիրիահայերի մտածողության համար բեկումնային եղավ. նրանք կամաց-կամաց հասկացան, որ պետք է աշխատանք ունենան, տուն ստեղծեն։ Այն փոքրիկ խնայողությունները, որ նրանք բերել էին իրենց հետ, մաշվեցին, և դրանից հետո միայն սկսեցին մտածել բնակարաններ ձեռք բերելու մասին։ Եթե առաջին օրերին նրանք այդպես մտածեին, ապա գուցե մենք մոտ մեկ տարով առաջ ընկած լինեինք նրանց ինտեգրման հարցում։ Սակայն այդպես չեղավ, քանի որ վերջիններս սպասողական վիճակի մեջ էին։ Դա ևս հասկանալի է։ Մարդիկ այնտեղ թողել էին իրենց տարիների «քրտինքը», տունը, բիզնեսը, ամեն ինչ, և սպասել, որ նրանք Հայաստան հասնելուն պես այդ ամենից պետք է հույսները կտրեին և մոռանային, ճիշտ չէ։ Բացի այդ, նրանք նաև պետք է ծանոթանային մեր օրենքներին և պայմաններին։ Կարծես, ծանրութեթև անելու ժամանակն արդեն անցել է և սկսվել է նոր ներդրումների, ծրագրերի արմատավորման գործընթացը։
-Կա՞ վիճակագրություն, թե քանի սիրիահայ եկավ Հայաստան, քանիսը Հայաստանից հեռացավ այլ երկիր։
-Ընդհանուր առմամբ, Հայաստան մուտք է գործել 15 հազար սիրիահայ։ Այսօր շուրջ 12 հազարը Հայաստանում են, իսկ 3 հազարը` շարժման մեջ։ Գնում են Հալեպ, Բեյրութ, նորից վերադառնում են։ Եվ միայն շատ քիչ մասն է` մի քանի հարյուր մարդ, որ հաստատվել է Եվրոպայում։
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ
(աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Պարոն նախարար, ինչո՞վ կարևորվեց 2013-ը, միայն խնդրում եմ` չասեք պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումով։
-Իսկ ինչո՞ւ չասեմ։
-Որովհետև այդ մասին ամեն ինչ, կարծես, ասվել է։
-Այդ դեպքում 2013-ը կբնութագրեմ այսպես. սոցիալական ծառայության բոլոր ոլորտներում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որոնք լավ նախադրյալներ են ստեղծել 2014-ին նոր համակարգ ներդնելու և առարկայական արդյունքներ ապահովելու համար։ Այս առումով կառանձնացնեի էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը, որի արդյունքում կիրականացվեն ոչ միայն մեծածավալ վերլուծություններ, այլև կկարողանանք թիրախավորված քաղաքականություն իրագործել։ Այս համակարգը մեզ թույլ է տալիս ունենալ խորքային վերլուծություն, ռիսկերի զսպման և ծառայությունների որակի բարձրացում։
Զբաղվածության համակարգում ներդրվեց «զբաղվածության ակտիվ ծրագրերի» հայեցակարգը, որի արդյունքում աշխատաշուկայում անմրցունակ, բայց աշխատանք փնտրող անձանց համար կներդրվեն ակտիվ ծրագրեր։
-Դրանք կնպաստե՞ն, որ մարդը գործնականում իր վրա զգա բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
-Իհարկե։ Այս տարի մենք բոլոր ուղղություններով` և՛ երեխաների իրավունքների պաշտպանության, և՛ պետական նպաստների, և՛ բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով մշակեցինք նոր դրամագլխի չափի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության մասին նոր օրինագծերը։ Դրանք թույլ կտան սոցիալական ծառայությունը դարձնել հասցեական։ Այնպես որ, 2013-ին լավ հիմքեր են դրվել, և 2014-ին դրանք գործնականում կիրացվեն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ